Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորի արձանագրություններում։
Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։
Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավարևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թիգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին Թիգլաթպալասար III-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Վանի թագավորության հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։