Ժոզեֆ Ֆուշե

Ստացել է հոգևոր կրթություն։ 1791 թվականին դարձել է Յակոբինյան ակումբի անդամ (Նանտում)։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտի անդամ, սկզբում մոտ էր ժիրոնդիստներին, այնուհետև հարել է յակոբինյաններին։ Քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ Անօրինակ դաժանությամբ ճնշել է հակահեղափոխական ելույթները դեպարտամենտներում՝ մահապատժի ենթարկելով նաև անմեղներին։

Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից (1815) հետո նշանակվել է ոստիկանության մինիստր, սակայն շուտով հանվել պաշտոնից։

«Արքայասպաններին» Ֆրանսիայից արտաքսելու մասին 1816 թ. ընդունված դեկրետի հրապարակումից հետո մեկնել է Տրիեստ և ընդունել ավստրիական հպատակություն։

Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի»։ Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։