Երկարավուն ուղեղ
(կառուցվածք)
Երկարավուն ուղեղը ունի կոճղեզի տեսք, որի լայնացած ծայրը սահմանակից է վարոլյան կամրջին, իսկ ստորին սահմանը ողնուղեղային 1 զույգ նյարդամատների ծագման տեղն է կամ ծոծրակային մեծ անցքի մակարդակը։
Երկայնաձիգ ակոսի երկու կողմերում գտնվում են մեկական երկայնաձիգ մարմիններ՝ բրգեր։ Բրգերը կարծես շարունակվում են ողնուղեղի առաջային պարանիկների մեջ։ Բրգեր կազմող նյարդաթելերի խրձերը մասամբ միջին ակոսում խաչվում են հակառակ կողմի համանուն խրձերի հետ և ողնուղեղի հակառակ կողմի կողմնային պարանների հետ միասին իջնում են ցած՝ կազմելով կողմնային բրգերը մասամբ էլ չեն խաչվում և իջնում են ողնուղեղի նույն կողմի առաջային պարանի մեջ՝ կազմելով առաջային բրգերը։
Բրգեր չկան ստորակարգ ողնաշարավորների մոտ, և սկսում են հանդես գալ միայն նոր կեղևի երևան գալու հետ միասին, այդ պատճառով նրանք ամենից ավելի զարգացած են մարդու մոտ, քանի որ բրգային թելերը գլխուղեղի նյարդերի կորիզների և ողնուղեղի առաջային եղջյուրների հետ։
Բրգերից կողմնայինորեն գտնվում են ձիթապտղակորիզային բարձրիկները՝ օլիվը։ Օլիվը բրգից բաժանվում է մի ակոսով, որը ողնուղեղի առաջային կողմնային ակոսի շարունակությունն է։ Այդ ակոսից ողնուղեղի առաջային նյարդարմատներին համանման դուրս են գալիս XII նյարդի նյարդարմատները։
(ֆունկցիան)
Երկարավուն ուղեղը ծագել է հավասարակշռության ու լսողության օրգանների զարգացման և խռիկային ապարատի հետ կապված, որը կապ ունի շնչառության և արյան շրջանառություն հետ։ Երկարավուն ուղեղում կան գորշ նյութի այնպիսի կորիզներ, որոնք կապված են շարժումների հավասարակշռված և կոորդինացիայի, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորմա հետ։
Միջին ուղեղ
(կառուցվածք)
Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ)։ Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։ Նրա կառուցվածքի մեջ են մտնում նաև տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ, ենթակեղևային լսողական կենտրոններ։
(ֆունկցիա)
Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու շարժումը դեպի ձայնը։
Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։
Կամրջակ(Վարոլյան կամուրջ)
Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
Ուղեղիկ
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Վ.Բ. Ֆանարջյանը բացահայտել է ուղեղիկի դերը կեցվածքի ու մկանային լարվածության կարգավորման, արագ, նպատակաուղղված շարժումների կազմակերպման ու ղեկավարման մեխանիզմում։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Է.Հ. Հասրաթյանը ցույց է տվել, որ ուղեղիկի վնասվածքի մեծ մասի հետևանքները կարող են փոխհատուցվել, եթե ուղեղիկի հետ կապված մեծ կիսագնդերի կեղևի շարժողական գոտին գործում է բնականոն։ Որքան երիտասարդ հասակում է ուղեղիկը վնասվում, այնքան արագ են փոխհատուցվում նրա ախտանշանները։ Ուղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Այն տեղավորված է երկարավուն ուղեղի թիկնային մակերեսին։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։