
Երվանդունիների արքայասնիստ քաղաք Երվանդաշատը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում: Այն որպես մայրաքաղաք փոխարինել է Արմավիրին: Երվանդաշատի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Պատմահայր Մովսես Խորենացու մի հիշատակությունը, որոշ չափով յուրովի ընդունելու պատճառով երկար ժամանակ նույնիսկ սխալ էին պատկերացնում մայրաքաղաքի դիրքը: Այն սովորաբար տեղադրում էին Արաքսի աջ ափին, Ախույանի գետնախառնուրդի մոտ: Բայց շուտով շտկվեց պատմաշխարհագրական այդ սխալը: Հայ ժարտարապետության պատմության մեծ մասնագետ Թ. Թորոմանյանի մի կարճատև ուղևորությունը դեպի այդ վայրերը բավական էր, որ ճշտվեր Երվանդաշատ մայրաքաղաքի և Երվանդակերտ բերդի աշխարհագրական դիրքը: Դրանք իրոք որ գտնվում էին Ախուրյան և Արաքս գետերի խառնարանի մոտ, ինչպես հիշատակում է Խորենացին, Երվանդաշատը` Արաքսի ձախ ափին, իսկ Երվանդակերտը` աջ և ոչ հակառակը: Երվանդաշատը հիմնադրվել է Երվանդյան վերջին թագավոր Երվանդ Դ-ի (մ.թ.ա 220-200թթ.) օրոք, ով անմիջապես նախորդել է Արտաշեսին:
Մովսես Խորենացին մայրաքաղաքի տեղափոխությունը Արմավիրից Երվանդաշատ, մեկնաբանում է հետևյալ կերպ` «… և ձմեռն երկարելիս, երբ հյուսիսային ցուրտ քամիներ էին փչում, վտակը սառչում էր բոլորովին, և թագավորանիստ տեղի համար խմելու բավական ջուր չէր ճարվում։ Սրանից Երվանդը նեղվելով, մանավանդ ավելի ամուր տեղ փնտրելով՝ արքունիքը տեղափոխում է դեպի արևմտյան կողմը…»։ Բայց այս տեղափոխությունն ավելի շատ ռազմաքաղաքական բնույթ ուներ։ Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի Երվանդաշատի պաշարման դեպքում հնարավոր լինի գետից ջուր ստանալ։ Ինչպես երևում է, Երվանդաշատն Երվանդակերտ բերդի հետ կազմում էր մի միասնություն: Հավանաբար վերջինս որոշ իմաստով միջնաբերդի դեր էր կատարում նրա համար, չնայած գտնվում էր քաղաքից դուրս (քաղաքն ուներ իր բուն միջնաբերդը), նրա դիմաց, Արաքսի աջ բարձրադիր ափին: Ուշագրավ է, որ Խորենացին մեծ գովեստով է խոսում, ոչ թե Երվանդաշատի, այլ Երվանդակերտի մասին, որն իր անառիկությամբ ապահովում էր մայրաքաղաքն արտաքին վտագներից: Խորենացին մեծ հափշտակությամբ է պատմում Երվանդ թագավորի կողմից այդ բերդի կառուցման, նրա գեղատեսիլ դիրքի, անմատույց ամրության, հրաշալի կառույցների, պաշտպանական պարիսպների, ժայռափոր կերտվածքների մասին:
« Ինձ քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին ,— գրում է պատմահայրը,– որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ՝ պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակչության շուրջը կազմում է ծաղկոցներ ու բուրստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունր նմանում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտավայրը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան, իր երկու շրթունքներով։ Եվ այս գեղցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորանիստ բարձրավանդակի վրա։ Արդարև բերրի և թագավորական դաստակերտ»։
Սակայն պակաս գեղեցիկ ու ամուր չի եղել նաև բուն մայրաքաղաքը` Երվանդաշատը։ Երվանդն իր մայրաքաղաքի ամրության և շքեղության համար ոչինչ չի խնայել։ Նրա մայրաքաղաքի միջնաբերդը ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար հետ միացրած հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, բազմաթիվ կացարաններ, ջրամատակարարման հատուկ համակարգ և այլն։
Երվանդաշատի դիրքը քաղաքական, տնտեսական ու ստրատեգիական տեսակետից նպաստավոր էր: Այն գտնվում էև Երվանդյան Հայաստանի կենտրոնական մասում, Արաքսի հովտով ձգվող բանուկ ու հայտնի ճանապարհին` բնականից ամուր վայրում: Բայց և այնպես Երվանդաշատը երկար չի մնում մայրաքաղաք: Մ.թ.ա 189 թվականին ամբողջ Մեծ Հայքի անկախությունը հռչակելուց հետո, Արտաշես Ա-ն (մ.թ.ա 189-160թթ.) շուտով հիմնադրում է մի նոր, ավելի շքեղ մայրաքաղաք` Արտաշատը:
Դադարելով մայրաքաղաք լինելուց` Երվանդաշատը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հին Հայաստանի ամենախոշոր քաղաքներից մեկը: Այն Արտաշատի և Տիգրանակերտի նման հելլենիստական տիպի քաղաք էր` զարգացած առևտրով ու արհեստագործությամ և տասնյակ հազարների հասնող բնակչությամբ, որի զգալի մասը զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ: Թե Երվանդաշատը և թե Երվանդակերտը գտնվում էին Արշարունիք (Երասխաձոր) գավառում ոը դրա հետ միասին պատկանում էին Կամսարականների նախարարական տանը:
4-րդ դարի կեսին Երվանդաշատը դարձյալ երկրի խոշորագույն քաղաքներից էր: Բայց հենց նույն դարի կեսերից Երվանդաշատը, Հայաստանի մյուս քաղաքների (Արտաշատի, Տիգրանակերտի, Զարիշատի Զարեհավանի, Արշամաշատի և այլն) հետ, աստիճանաբար կորցնում է նախկին նշանակությունը: Որոշ իմաստով Երվանդաշատի համար ճակատագրական էին 4-րդ դարի Շապուհ 2-րդի ձեռնարկած պարսկական արշավանքները: Այդ արշավանքների հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքների հետ խիստ ավերվեց նաև Երվանդաշատը, որի բնակչության մեծ մասը գերեվարվեց պարսիկների կողմից: Դրանից հետո Երվանդաշատը այլևս չի բարձրանում: Այն աստիճանաբար անշուքանում է, վերածվելով սովորական ավատական բերդաքաղաքի, իսկ հետագայում` ընդմիշտ վերանում պատմական ասպարեզից:
Երվանդաշատի հազիվ նշմարվող ավերակները գտնվում են Արմավիր քաղաքից հարավ-արևմուտք`նրանից ուղիղ գծով 32 կմ հեռավորության վրա, Արաքսի ձախ կողմում` Ախուրյանի գետնախառնուրդի մոտ: Վաղեմի մայրաքաղաքի հողածածկ ու ընդարձակ ավերակները գրավում են ներկայիս Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջև ընկած այգեշատ սարահարթը, որը թերակղզու ձևով ձգտում է դեպի Ախուրյան գետը: Այստեղ ամենուրեք նկատվում են հին տների մնացորդներ, առանձին կառույցների հետքեր, իսկ գետի անմիջական ափին` մի ժամանակ շինարարության համար օգտագործված հսկայական որձաքարեր: Քաղաքի ավերակների շրջանում կան խաչքարեր, վիմագիր արձանագրություններ (13-րդ դար). Դրանք ցույց են տալիս, եր Երվանդաշատի տեղում բնակավայր է եղել և միջին դարերում: Բացի պատահական այցելությունների և ուղևորությունների ընթացքում կատարված հապճեմ դիտումներից, Երվանդաշատի տեղում հնագիտական պեղումներ ամենևին չեն կատարվել:
Երվանդաշատի դիրքի ճշտման և ավերակների բնույթի, գրաված տարածության և նկարագրման հատուկ ուշադրություն է դարձրել Թ. Թորոմանյանը: Նրա ուշադրությունն առանձնապես գրավել են բերդի` տեղ-տեղ 4-5 մետր բարձրությամբ պահպանված պարիսպների մնացորդները, սարահարթի` դեպի Ախուրյան իջնող զառիթափ լանջի պաշտպանական կառույցները, որոնք նա համեմատում է Անիի միջնաբերդի ստորոտին եղած ամրությունների հետ: Նա արժեքավոր դիտողություններ է արել տեղացիների կողմից ավանդաբար տեղացիների կողմից «պալատ»կոչված շինության ավերակների, Ախուրյանի այդ մասի հին կամուրջի մնացորդների, ընդարձակ արձանագրություն ունեցող միջնադարյան (հավանաբար 13-րդ դար) մատուռի ավերակնեի, տեղացիների կողմից իրենց շինությունների համար օգտագործված վեիմագիր որձաքարերի և այլ հնությունների մասին:
Երվանդաշատի ճակատագրի հետ սերտորեն առնչվում էր նաև Երվանդակերտտ, որը փաստորեն պաշտպանում էր նրա մատույցները: Երվանդակերտի ավերակները գտնվում են Երվանդաշատի ավերակների գրաված սարահարթի ուղիթ դիմաց, Ախուրյան գետի աջ ափին, զառիվեր լանջով դեպի վեր խոյացած լեռան վրա: Հեռվից դիտողի վրա մեծ տպավորություն է թողնում լեռնալանջով ձգվող նրա պաշտպանական պարիսպը, որը համատարած գիծ է կազմում և պահպանված է մի քանի մետր բարձրությամբ: Տեղացիներն ավանդաբար Երվանդակերտը նույնացրել են նույն գավառում (Արշարունիք) Արտագերսի հետ:
